19/02/2018 12:27
Հայաստանում սկսում են վարկային ծրագրով բեռնաթափել դպրոցական երեխաների պայուսակը
Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող երկու վարկային ծրագրով բոլոր դասագրքերն արդեն ունեն իրենց էլեկտրոնային տարբերակը, բացի այդ, ստեղծվում են էլեկտրոնային գրադարաններ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Այս ծրագիրն առնչվելու է մամուլում շատ քննարկված դպրոցական երեխաների պայուսակների բեռնաթափմանը։ Այսինքն՝ հիմա յուրաքանչյուր դպրոց ունի էլեկտրոնային գրադարան, և դասագրքերը դրված են այդտեղ ու ունենք հնարավորություն մի քիչ ծախսերը կազմակերպելու միջոցով նաև փորձենք ունենալ դպրոցական դասագրքերի ինչ-որ ծավալներ։ Բայց մի քիչ ներդրումների կարիք ունենք», - հայտարարեց Մկրտչյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր այս խնդրին և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով երեխաների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ: