19/02/2018 16:43
Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքեց Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի աննորմալ հայտարարություններին. Կարեն Բեքարյան
Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ու հետագա հարցուպատասխանի ժամանակ բավականին կոշտ արձագանք տվեց Ադրբեջանի նախագահի վերջին շրջանում տարաբնույթ աննորմալ հայտարարություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Սերժ Սարգսյանը շատ հստակ ներկայացրեց, որ այդպիսի բառակազմի առկայության դեպքում ինչպե՞ս կարելի է խոսել կարգավորման ու ինչպե՞ս կարելի է մտածել ինչ-որ փոխզիջումների մասին», - ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորն առանձնացրեց նաև հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքն` ուղղված Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովին:
«Եթե դուք ուզում եք ապրել և դա հասկանում եք, ինչպե՞ս չեք հասկանում, որ Ղարաբաղի ժողովուրդը նույնպես ցանկանում է ապրել ազատ` դարերով ունեցած իր հայրենիքում՝ առանց հանդուրժելու, որ ինչ-որ մեկը կարող է ոչնչացնել իր մշակույթը», - հիշեցրեց Կարեն Բեքարյանը:
Պատգամավոր նկատեց` ՀՀ նախագահի կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց պատրաստակամությունն աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին.
«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ անկախ Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն գլոբալ լարվածությունից, համանախագահները կարողացել են և կարողանում են աշխատել միասնական ու փորձել իրենց նպաստը բերել կարգավորման գործընթացին: Սա Հայաստանի Հանրապետության երկար ժամանակ հաստատված դիրքորոշումն է, որ պետք է հիմնվել գործող ձևաչափի վրա և ոչ թե փորձ անել հատվածաբար, փոքր կտորներով Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստից ինչ-որ բաներ կտրել», - ասաց պատգամավորը: