20/02/2018 12:37
Դավիթ Հարությունյանը խոսեց ՔԿՀ պետի պաշտոնից հեռացված Օսիկյանի թերությունների մասին
Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից հեռացված Արթուր Օսիկյանն ուներ իր թերությունները։
«Պարոն Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց ինչպես և ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները», - հայտարարեց նախարարը։
Լրագրողներին հետաքրքրող հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ թերություններ ուներ Օսիկյանը, Հարությունյանը հստակ պատասխան չտվեց և ասաց, որ մի մարդը չի կարող երկար ժամանակ միևնույն պաշտոնում աշխատել։
«Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես և դուք։ Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը», - ասաց նա:
Հարությունյանը միաժամանակ հիշեցրեց իր փորձը՝ նշելով, որ միևնույն պաշտոնում ինքը երկար տարիներ չի աշխատել երբևէ։