20/02/2018 16:48
Դժվարին այս ժամանակներում թող Տերը զորակից լինի Ձեզ, մաղթում ենք արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն հայրենիքին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին, ովքեր ս.թ. փետրվարի 20-23-ին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվող ԳՀԽ նիստին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Բարձրաստիճան հոգևորական և աշխարհական 24 անդամներից կազմված խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ատենապետերը` Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքները:
«Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, և այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաև հնարավորություններ են ստեղծվում: Իհարկե, որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության և ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել այդ մարտահրավերները: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաև հենց դրան են ուղղված», - նշել է նախագահը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգևոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը, որոնք, ըստ Վեհափառ Հայրապետի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունից և ընթացիկ գործունեությունից բացի, ներառում են ազգային, եկեղեցական կյանքին վերաբերող հարցեր ու խնդիրներ:
«Գիտեք, որ այսօր մեր առջև դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգևոր խորհրդի օրակարգի հարց է: Օրակարգի մեջ ունենք նաև, ինչպես Դուք անդրադարձաք, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Մայիսյան հերոսամարտերի տոնախմբության միջոցառումների հարցը: Մենք, ինչպես և Արամ Կաթողիկոսը, կոնդակ հռչակեցինք, որն ընթերցվեց աշխարհասփյուռ մեր թեմերում, մեր եկեղեցիներում, և զանազան միջոցառումներ, հրատարակություններ, գիտաժողովներ պիտի կազմակերպվեն ու անցկացվեն: Պետական համապատասխան հանձնաժողովի հետ քննության պիտի առնվի ծիսական միջոցառումը, որը պիտի այդ օրը, անշուշտ, համախորհուրդ իրականացնենք», - նշել է նա:
Վերջինս ընդգծել է, որ հերթականորեն պետք է բոլոր մարմինների համար կանոնակարգեր մշակվեն, և վերջում այդ ամբողջությամբ կազմվի Հայ եկեղեցու Սահմանադրությունը, Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ 2018 թվականը պետք է հռչակվի երիտասարդության տարի:
«Պարո՛ն նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաև Ձեր նախանձախնդիր և հոգածու վերաբերմունքի: Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում: Ուրախ եմ ասելու, որ շնորհիվ հայրենի իշխանությանց զորակցության մեր եկեղեցին այս ժամանակահատվածում՝ անկախության այս տարիներին, կարողացավ հաղթահարել պատմական բոլոր այն արհավիրքները, որոնց ենթարկվել էր մեր եկեղեցին՝ կրելով մեծ կորուստներ: Թիվ հնչեցնելու համար ասենք, որ Ցեղասպանության և ստալինյան բռնատիրական տարիների այդ հալածանքների շրջանին մենք կորցրեցինք շուրջ 3000, նույնիսկ հաշվվում է 4000 եկեղեցի և 4000-5000 եկեղեցականներ: Այսօր մենք մեկ չորրորդը կամ մեկ հինգերորդն անգամ չենք կարողացել վերականգնել այդ կորուստների: Սակայն այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, մասնավորապես, անկախության այս ժամանակահատվածում, մեզ լավատեսություն և հույս են ներշնչում, որ մենք պիտի կարողանանք ամբողջականորեն մեր եկեղեցու առաքելությունն իրականացնել մեր ժողովրդի կյանքում՝ ներկայություն ապահովելով ազգային կյանքի բոլոր բնագավառներում:
Մենք կրկին մեր շնորհակալությունն ենք ուզում արտահայտել և մեր բարեմաղթանքները բերել Ձեզ, որպեսզի դժվարին, բարդ այս ժամանակներում Տերը զորակից լինի Ձեզ, հայրենի մեր իշխանություններին, իր օրհնությունը տարածի Ձեր և հայրենի մեր երկրի վրա, որ կարողանաք իրականության առաջնորդել այն բոլոր իղձերը, ցանկությունները, որ մեր ժողովուրդն իբրև երազ դարերով կրում է իր հոգուց, իր սրտից ներս:
Աստծո օգնականությունն ենք հայցում Ձեզ և մաղթում քաջառողջ, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և մեր ժողովրդին: Աստված օրհնի Ձեզ», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: