22/02/2018 12:35
Նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն. Շավարշ Քոչարյան
30 տարվա ընթացում Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մենք ականատես ենք եղել դրան 2013 թվականին, երբ հայ սպա Գուրգեն Մարգարային կացնահարելու համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016-ին ապրլյան քառօրյա պատերազմի ընթացում աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ բնակչության, թե՛ ռազմագերիների դեմ», - նշեց նա:
Նրա խոսքով՝ Արդբեջանն իր այդ վարքով ապացուցել է, որ քաղաքակիրթ աշխարհի իրավունքները ու մարդու իրավունքների նորմերը այդ երկրի համար դատարկ հնչյուններ են:
«Չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հասարակություններին խաղաղության պատրաստելու, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը: Ադրբեջանի իշխանություների կողմից Արցախի ժողովրդի խաղաղ ժողովրդավարական երկրում ազատ ապրելու պահանջին ուժով պատասխանելու քաղաքականությունն է պատճառը, որ ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում», - նկատեց փոխնախարարը:
Նա ընդգծեց՝ միջազգային հանրության մոտ հասունացած է այն գիտակցությունը, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայատյացության քաղաքականությունը՝ Հարավկովկասյան տարածաշրջանում վտանգված են կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը:
«Երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով ենք Ադրբեջանին պարտադրելու խաղաղություն», - եզրափակեց նա: