23/02/2018 14:30
Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը Հայաստանում է (լուսանկարներ)
Փետրվարի 23-ին Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշուկուդիանին, այլ պաշտոնատար անձինք:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունել են հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես է եկել պատվո պահակախումբը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:
Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը:
Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:
Վլադիմիր Գասպարյանը հավաստել է ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորեց երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: