24/02/2018 15:41
ԵՄ️-Հայաստան համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում Ռումինիայի հետ համագործակցության համար. Դեսպան
Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ:
Պետքարտուղար Մարինը, ողջունելով դեսպան Մինասյանին, նրան մաղթել է արգասավոր դիվանագիտական գործունեություն: Դեսպան Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ️-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարենպաստ մթնոլորտ և հնարավորություն է ստեղծում տարբեր ոլորտներում Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար:
Կողմեր համաձայնել են, որ նկատի ունենալով Ռումինիայի ՆԳՆ գործառույթների լայն շրջանակը, որն ընդգրկում է ոստիկանությունից մինչև բնական և տեխնածին աղետների դեմ պայքարը, ճգնաժամային կառավարումը, քաղաքացիական պաշտպանության բաղադրիչները և այլ ենթաբնագավառներ, հնարավորություն կա ուրվագծել համագործակցության այնպիսի ուղղություններ կամ ծրագրեր, որոնք կարող են արդյունավետ և փոխադարձաբար շահավետ լինել երկու երկրների համար: