26/02/2018 20:33
Վատ գաղափար չէ, բայց այն քննարկման կարիք ունի. Իվանկա Թրամփը` ԱՄՆ-ում ուսուցիչներին զինելու առաջարկի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը NBC հետուստալիքին տված հարցազրույցում հայտարարել է` վստահ չէ, որ ուսուցիչներին զինելու Թրամփի առաջարկը կօգնի երեխաների անվտանգությունն ապահովելու հարցում, փոխանցում է РИА Новости-ն։
Հարցին, թե ուսուցիչներին զինելը կօգնի՞ ապահովել երեխաների անվտանգությունը, Իվանկա Թրամփը պատասխանել է.
«Անկեղծ ասած` չգիտեմ։ Անկասկած, պետք է դպրոցներում զենք կրելու անհավանական բարձր չափանիշներ գործեն»։
Նա հայտարարել է, որ նախագահի նախաձեռնությունը «վատ գաղափար չէ, բայց այն քննարկման կարիք ունի»։
ԱՄՆ-ում զենք կրելու իրավունքը սահմանվել է Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ։
Զենքի շրջանառությունը սահմանափակելու քննարկումները կրկին ակտիվացել են փետրվարի կեսերին Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետ կապված, որը խլել էր 17 մարդու կյանք։
Այս դեպքի առնչությամբ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հրազենի գնման տարիքային սահմանափակումը մինչև 21 տարեկան բարձրացնելու մասին: Բացի այդ, նա առաջարկել էր զինել ուսուցիչներին։