05/03/2018 12:52
Երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամ գումարը չեն դադարեցրել վճարել. Անուշ Դանիելյան
Մամուլում հրապարակում էր եղել, որ դադարեցրել են վճարել երրորդ երեխայի ծննդյան համար գումարը։ Մասնավորապես, Aravot.am-ում հրապարակում կար, որ մայրերն ահազանգում են` երրորդ երեխայի ծննդյան միանվագ մեկ միլիոն դրամը դեռ քիչ է, որ միանվագ վճարելու փոխարեն մաս-մաս են վճարում, հիմա էլ արդեն երեք ամիս է, ինչ պետությունը դադարեցրել է վճարելը՝ սկսած 2018թ. հունվարից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանն ասաց, որ երրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014 թվականից սկսած վճարվում է 1 մլն դրամ և այս նպաստի չափում կամ վճարման կարգում որևէ փոփոխություն չի եղել:
«Ինչ վերաբերում է պետական աջակցության հաշվին փոխանցելու միջոցով վճարվող ընտանեկան դրամագլխի միջոցներից ամսական 25000-ական դրամ բանկային փոխանցումներ կատարելուն, ապա ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում 2018 թվականի համար վճարումները կսկսվեն սահմանված կարգով», - նշեց Անուշ Դանիելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2017թ. համար ընդունված որոշումը գործել է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն յուրաքանչյուր տարվա համար ընդունվում է առանձին որոշում: