06/03/2018 13:50
Կառավարությունը կազմված կլինի 17 նախարարից, առաջին փոխվարչապետից և 2 փոխվարչապետից. Նախագիծ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից։ Նշենք, որ այժմ նախարարությունների թիվը 18 է։
Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի։
«Ամրագրվել են աշխատակազմի վերաբերյալ դրույթներ։ Փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը», - նշեց Հարությունյանը։
Հստակեցվել է նաև կառավարության, նախարարություների և վարչապետին ենթակա մարմինների շրջանակը, որտեղ ևս երեք նոր մարմիններ են ներառվել՝ պետական արարողակարգի, պետական վերահսկողության և պետական պահպանության ծառայությունները։
Հարությունյանը նաև անդրադարձավ կառավարության նիստերի դռնփակ լինելու մասին որոշմանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմնավորմամբ են որոշել, որ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։
«Ի սեր Աստծո, մի ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է։ Նույն տրամաբանությամբ ԱԺ նիստերը կարող ենք փակել», - ասաց Թադիլյանը։
Դավիթ Հարությունյանն էլ նկատեց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև. «Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։ Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու որոշումը։ Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է», - նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ դռնփակ նիստերի ժամանակ բանավեճերը հնարավոր կդառնան։
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչ տրամաբանությամբ է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանվել, իսկ Սփյուռքի նախարարությունը մնացել. «Արդյոք արտաքին քաղաքականության հարցում Սփյուռքի նախարարության դերն ավելի մեծ է», - հետաքրքրվեց պատգամավորը։
Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ այդ որոշումը կապված է քաղաքական նպատակահարմարությունից, քանի որ կառավարությունն իր աշխատանք ավելի արդյունավետ է համարում այդ եղանակով. «Իհարկե, Սփյուռքի նախարարությունը կարելի է նաև միավորել, բայց այս պահին կառուցվածքային հենց այս մոդելն է նպատակահարմար»։