07/03/2018 13:33
ԱՄՆ դեսպանի խոսքերը որպես առողջ քննադատություն ենք ընկալում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)
ԱՄՆ դեսպանի գնահատականները ոչ այնքան որպես սուր քննադատություն ենք ընկալում, այլ որպես ջանացավ գործընկերոջ առաջարկություն կամ առողջ քննադատություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ուզում եմ ասել, որ ՀՀ իշխանությունների առանձնակի ուշադրության տակ են գտնվում հակակոռուպցիոն միջոցառումները։ Մենք ջանքեր ենք գործադրում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար», - ասաց նա։
Շարմազանովն ընդգծեց, որ վերջին տարվա ընթացքում հակակոռուպցիոն մի քանի օրենսդրական նախաձեռնություն է առաջարկվել, որոնք դեռ ավարտված չեն ու դրանք ավարտին հասցնելու համար Հայաստանը պատրաստ է հաշվի առնել եվրոպացի և ամերիկացի գործընկների փորձը։
«Այդ իմաստով ՀՀ իշխանությունը երբեք չի ասել, որ Հայաստանում վատ երևույթներ, ինչպիսին կոռուպցիան է, չկա։ Պարզապես մենք պետք է տեսնենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, թե՞ չէ, երե՞կ էր ավելի շատ պրոբլեմ, թե՞ այսօր», - ասաց նա։
Շարմազանովը հույս հայտնեց, որ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում կներդրվեն մեխանզիմներ, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքարել թերությունների դեմ.
«Ցանկացած երկրում՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան և Ավստրալիա, կան կոռուպցիոն երևույթներ, բայց որևէ մեկը ավելի շատ շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանում ժողովրդավարական արժեքները զարգանան, քան՝ Հայաստանի գործող իշխանությունները։ Մենք ունենք քաղաքական կամք։ Մենք ուշադիր կլսենք մեր եվրոպացի գործընկերների կառուցողական առաջարկները, և եթե կարիք լինի, նոր կարգով կսկսենք բարեփոխումներ իրականացնել», - նկատեց նա։
Օրերս լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Ռիչարդ Միլսը խոսել էր ՀՀ-ում կոռուպցիայի և ժողովրդավարության մասին։ Դեսպանը, մասնավորապես, ներկայացրել էր մի օրինակ, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ է համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում:
«Կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար և անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը ևս կարևորվում է, և նա գիտակցում է անկախ դատարանի կարևորությունը ամերիկյան գործարարների և ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը և Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձևավորելուն», - նշել էր Միլսը։