13/03/2018 12:19
ՍԴ նախագահի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի մարտի 20-ին
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը Ազգային ժողովը քննարկելու է մարտի 20-ին, Aysor.am-ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` դրանից առաջ կլինի Ազգային ժողովի խորհրդի նիստ և խորհուրդը կորոշի օրակարգ:
Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 19-ին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Aysor.am-ի թղթակցին ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել էր, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ խորհրդարանը մարտի 2-ին անցկացրել է ՍԴ անդամի թեկնածուի ընտրություններ։ Միակ ներկայացված թեկնածուն Հրայր Թովմասյանն էր։
Նախքան այդ Հրայր Թովմասյանը հրաժարական էր ներկայացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Aysor.am-ին ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը հայտնել էր, որ Հրայր Թովմասյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: