13/03/2018 16:36
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
«Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության և հակամարտ կողմերի միջև երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաև հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանը նաև ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում և Հայաստանում իր հանդիպումները: