14/03/2018 15:36
Պետք է փորձել դրական իմիջ ապահովել, որ Արցախի ճանաչումը դառնա օրակարգ. Սերգեյ Բագրատյանը՝ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի մասին
Արցախի միջազգային ճանաչումը կարող ենք իրականացնել` հասցնելով միջազգային կառույցներին, որ պետություն է հիմնադրվել ազգերի ինքնորոշման իրավունքից ելնելով, իսկ այդ պետության ճանաչում անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության համար, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցին
Կարևորելով Բակո Սահակյանի այցն ԱՄՆ՝ Բագրատյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն քաղաքականություն թելադրող հզորագույն պետություն է ու անհրաժեշտ է աշխատել այդ պետության հետ:
«Պետք է այդ պետության հետ աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրները, փորձել դրական իմիջ ապահովել, որ մեր գերխնդիրը՝ Արցախի ճանաչումը, դառնա օրակարգ», - ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ այս ընթացքում Գլենդելի փողոցներից մեկը Արցախ է անվանակոչվել, ինչը փաստում է՝ ցանկացած դրական տեղաշարժ իր լուման է ունենալու Արցախի միջազգային ճանաչման հարցում:
«Արցախն արդեն կատարել է իր պետականության քայլերը, պետություն ունենալու ինստիտուտներն արդեն կայացել են: Արացախն իրավունք ունի պահանջելու ճանաչում: Պահանջների ձևակերպման տարբեր ձևաչափեր կան, իհարկե, հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է», - նշեց Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ից աշխատանքային այցով գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: