15/03/2018 22:32
ՀՀԿ-ն չի քննարկել ապագա վարչապետի թեկնածությունը. օրը կգա՝ բարին հետը. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի քննարկել ապրիլին ձևավորվելիք կառավարության կազմն ու վարչապետի թեկնածությունը, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով դիտարկմանը՝ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը լավ է աշխատել, ապահովել է տնտեսական աճ, ինչու՞ է ՀՀԿ-ն պատրաստվում փոխարինել նրան, Շարմազանովն ասաց.
«Դուք արդեն որոշե՞լ եք, որ փոխարինում ենք: Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել, հակադրության մեջ դնել իր ՀՀԿ ընկերներից և կուսակցությունից, ոչ միայն անթույլատրելի են, այլև իրենց նպատակին չեն հասնի: Գնացեք այլ գործով զբաղվեք: Վարչապետ Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային անդամներից է»:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել կառավարության կազմը։
«Ինչ կորոշի քաղաքական մեծամասնությունն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, ես անկեղծորեն չեմ կարող ասել: Մենք այդ հարցը չենք քննարկել: Կքննարկենք և ինչպես պահանջվի ՀՀ քաղաքացիների և մեր պետական շահի համար, այնպես էլ կվարվենք: Օրը կգա՝ բարին հետը, բոլոր հարցերին կպատասխանենք: Ես այն քաղաքական գործիչներից չեմ, որոնք սուրճի բաժակով որոշում են ապագա կառավարության կազմը», - ասաց Էդուարդ Շարմազանովը: