19/03/2018 15:45
Առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ. վարչապետը ԶՈւ ղեկավար կազմին ներկայացրել է արձանագրված տնտեսական ցուցանիշները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ ենք նախատեսում անել և ինչպես ենք տեսնում տնտեսության զարգացումը մոտակա տարիներին», - հավաքի մասնակիցներին ասել է վարչապետը, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ 2017թ.-ին Հայաստանն ունեցել է 7.5 տոկոս տնտեսական աճը, ինչն ամենամեծ ցուցանիշն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում:
«Մենք նախատեսել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էինք ձևավորում: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետևյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առևտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 24 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, և չափազանց կարևոր թիվ է նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոս», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև 2018 թ. հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները և նշել, որ, 2016 թ. հունվարի համեմատ, արձանագրվել են առաջանցիկ թվեր.
«Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե՛ տարածաշրջանից, թե՛ ԱՊՀ-ից, թե՛ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաև եվրոպական երկրներից և այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս», - ասել է ՀՀ վարչապետը: