19/03/2018 11:22
Տիգրան Աբրահամյան. Մեր նպատակն է աշխարհի համար լինել ընկալելի
«Արցախի Հանրապետության նախագահի ամերիկյան օրակարգը բավականին բազմազան էր, հարուստ այց ստացվեց», - մեկնաբանելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգային հարցեր էր պարունակում այցն ու տարբեր ձևաչափով հանդիպումները, Տ. Աբրահամյանը նշեց, որ առաջին ուղղությունը ԱՄՆ կոնգրեսում կայացած հանդիպումն էր, որտեղ նախագահը հնարավորություն ուներ այդ հեղինակավոր հարթակից խոսել Արցախի համար օրակարգային համարվող հարցերի մասին՝ երկրի զարգացում, արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կառուցում, Ադրբեջանի հետ չավարտվող պատերազմ:
«Սա ևս մեկ հնարավորություն էր մեզ և արտաքին աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ներկայացնելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: Երկրորդ ուղղությունը ԱՄՆ-ում ակտիվ գործող հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներն էին: Անհնար է թերագնահատել սփյուռքի կազմակերպությունների մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի անկախության ճանաչման և, առհասարակ, Արցախում իրականացվող մեծ թվով ծրագրերում: Երրորդ ուղղությունը, Հայաստանի, Արցախի և, առհասարակ, հայ ժողովրդի բարեկամների՝ ԱՄՆ օրնեսդիր մարմնի ներկայացուցիչներ, նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ և ուղղակի մարդիկ, ովքեր իշխանության տարբեր թևերում, սակայն իրենց գործունեությամբ աջակցում են Արցախին», - մանրամասնեց Տ. Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ չորրորդ ուղղությունը գիտական, փորձագիտական, մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ձևաչափն է, ինչը չափազանց կարևոր է Արցախի, հիմնախնդրի և մեր տարածաշրջանի իրական պատկերը ներկայացնելու, վերլուծելու և այդ շրջանակների միջոցով ավելի մեծ լսարանին հասցնելու համար:
«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է (Հայաստանից հետո), ով պաշտոնապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին և որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների մասշտաբով Արցախի ճանաչման գործընթաց է սկսվել: Հատկանշական էր, որ նախագահ Սահակյանն իր ելույթում ընդգծեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա և կմնա Արցախի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից», - ասաց նախագահի խորհրդականը՝ ընդգծելով, որ Արցախի գլխավոր խնդիրներից է աշխարհի համար լինել ընկալելի: