19/03/2018 15:03
Ինչպե՞ս են զինծառայողները պետության կողմից բնակարաններ ստանում. Պարզաբանում է ՊՆ-ն
Պաշտպանության նախարարության համակարգում երկար տարիներ աշխատող մի խումբ մասնագետներ, ովքեր ընդգրկված են բնակարանների բաշխման ցուցակում, մտավախություններ ունեն, որ բնակարան չեն ստանա։
Aysor.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները, որոնց թվում են նաև կանայք, նշել էին, թե իրենց հասել է տեղեկատվություն, որ «կայացել է բնակարանների բաշխման հարցերով զբաղվող խորհրդի գաղտնի նիստ, որտեղ որոշվել է բնակարանների բաշխման առաջնահերթությունները փոխել»։
Նրանց խոսքով, 15 տարի շարունակ հերթագրված լինելով, իրենք սպասում էին բնակարան ստանալուն, սակայն այժմ առանց իմացության փորձում են ցուցակից հանել իրենց, առաջնահերթություն տալով առաջնագծում ծառայած անձանց:
Խնդրի վերաբերյալ Aysor.am-ը դեռ երկու ամիս առաջ հարցում էր ուղարկել Պաշտոպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից օրերս ուղարկված պատասխանով հերքել են, որ նման բան գոյություն ունի։
«2018 թվականին ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդից բնակմակերեսի կարիքավոր հաշվառված զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրելու մասին որոշումները կայացվել են ՊՆ Կենտրոնական բնակարականային հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունները.
- հրամանատարական կազմ (մինչև զորամասի հրամանատար և տեղակալ ներառյալ)
- մարտական գործողությունների մասնակիցներ
- «Մարտական խաչ» շքանշանակիրներ
- ըստ Երևան քաղաքում հաշվառման հերթացուցակ։
Վերը նշված առաջնահերթությունները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականին N384-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետում», - նշել են ՊՆ-ից։
ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանի անունից ուղարկված պատասխանով տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը գաղտնի նիստեր չի անցկացնում, հանձնաժողովի իրավասությունների շրջանակից դուրս է սեռային պատկանելության հիմքով զինծառայողների հաշվառման ցուցակից հանելու գործառույթը։
«Հայտնում եմ նաև, որ 2017-ի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։
Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում ՀՀ կառավարության սահմած կարգով ու չափով», - ասված է նամակում։