20/03/2018 19:56
Սլովակիայի նախագահը հրաժարվել է հաստատել նոր կառավարությունը
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան երեքշաբթի հայտարարել է, որ դեռևս չի հաստատի նոր կառավարության կազմը, քանի որ նախարարների պաշտոններին առաջադրված որոշ թեկնածուներ չեն բավարարում, փոխանցում է РИА Нлвости-ն:
Սլովակիայում լուրջ քաղաքական ճգնաժամը բռնկվել է 3 շաբաթ առաջ լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի սպանությունից հետո: Կուցիակը երկար ժամանակ հետաքննում էր քաղաքական գործիչների հետ մաֆիոզ կառույցների կապերը: Քննության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությունը դիտարկվում է որպես սպանության հիմնական դրդապատճառ:
Երկրի 50 քաղաքում և մեծ թվով արտասահմանյան երկրներում զանգվածային բազմաթիվ ցույցերից հետո Եվրախորհրդարանի քննադատության և ընդդիմադիր կուսակցությունների պահանջների արդյունքում անցյալ շաբաթ հրաժարական էին ներկայացրել ողբերգության քննության ձգձգման և երկրում կոռուպցիայի ու մաֆիոզ կառույցների համար պայմաններ ստեղծելու մեջ մեղադրվողները՝ սկզբում ՆԳ նախարարը և կառավարության աշխատակազմի մի քանի աշխատակիցներ, այնուհետև վարչապետը և «Կուրս՝ սոցիալական դեմոկրատիա» իշխող կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն:
Երկուշաբթի կուսակցության ղեկավարությկան անդամ և նախկին փոխվարչապետ Պետեր Պելեգրինին, ում նախագահը հանձնարարել էր ձևավորել նոր կառավարության կազմը, ներկայացնել նախարարների թեկնածուների ցանկը: Սակայն նրանցից ոմանք անմիջապես հարուցել են ընդդիմադիր կուսակցությունների և լրատվամիջոցների տարակուսանքը՝ հրաժարական ներկայացրած քաղաքական գործիչների հետ սերտ կապերի պատճառով: