21/03/2018 11:40
Հոգեբուժարաններում առանց դեղատոմսերի ժամկետանց դեղեր են հայտնաբերվել. ՄԻՊ-ը դիմել է դատախազություն
Հայաստանյան հոգեբուժարաններում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր ինչպես դեղատոմսերով, այնպես էլ առանց դեղատոմսերի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ժամկետանց դեղերի մասին հարցը քննարկել ենք ՀՀ գլխավոր դատախազի հետ», - ասաց նա:
Արման Թաթոյանի խոսքով՝ կոպիտ խախտումներ են արձանագրվել Վարդենիսի հոգեբուժարանում:
«Բժշկական թափոններն այրվում են հոգեբուժարանին կից դիահերձարանին մոտ», - ասաց նա:
Արման Թաթոյանի խոսքով՝ Ավանի հոգեբուժարանոմ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող հիվանդներից մեկի մոտ առկա է եղել «Անալգին», «Ակտիվացված ածուխ» ու ևս մեկ անհայտ ծագման դեղ, որի մասին բուժանձնակազմը տեղյակ չի եղել:
«Առանց պատշաճ հսկողության՝ դեղորայքի ընդունումը կարող է ռիսկային լինել, պետք է մշակել պացիենտների՝ սեփական միջոցներեվ ձեռք բերված դեղերի պահման կանոններ, մշակել հսկման մեխանիզմներ», - ասաց ՀՀ ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանը նշեց, որ մի շարք հոգեբուժարաններում առկա են հոգեմետ դեղերի տվյալների բացթողումներ, նաև՝ մատիտով լրացումներ:
«Այս հարցը նույնպես ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն», - ընդգծեց նա: