21/03/2018 17:14
Ոնց որ թե փոխվարչապետ եք աշխատելու. սա կկայունացնի՞ բիզնես միջավայրը Հայաստանում. Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին
Լիբանանում հայտարարում եք, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված և բարեփոխումների արդյունքում գործարանները կարող են ներդրումներ անել այստեղ, բայց Հայաստանում այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները շնչահեղձ են լինում, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես գիտեմ դեպք, երբ միջազգային դատարան են ուզում դիմել Հայաստանում ներդրողին գցելու համար: Այս հակասությունների ֆոնին ինչպե՞ս եք պատկերացնում նման հայտարարություններ անելով Հայաստան ներդրող բերելը», - վարչապետին հարց ուղղեց Մարուքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակադարձեց՝ իր ասածի մեջ հակասություն չկա.
«Մենք չենք ասում՝ մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Ինչ վերաբերում է փոքր և միջին բիզնեսի շնչահեղձ լինելուն, ապա վիճակագրությունը ցույց է տալիս՝ դրանք աճել են, և մենք կառավարությունով ռեգուլյար բիզնես պայմանների լավացման ու հեշտացման վրա աշխատում ենք, հստակ գիտենք՝ ինչ ենք փոխել, փոխածի որ մասն է բերել տնտեսկան աճին և ես հավատաց եմ, որ ցանկացած սփյուռքահայ կարող է մաս կազմել մեր երկրի զարգացմանը», - նշեց Կարապետյանը:
Մարուքյանն էլ նշեց, որ վարչապետի ընտրության սպասումները ազդում են բիզնես միջավայրի վրա՝ հետաքրքրվելով, որ թե արդյոք առաջին փոխվարչապետ նշանակվելուց հետո Կարապետյանին կհաջողվի կայունացնել դաշտը:
«Հայտարարել էիք, որ պատրաստ եք վարչապետ աշխատել, բայց հիմա ակնհայտ է, որ առաջին ոնց որ թե փոխվարչապետ եք աշխատելու, սա կկայունացնի՞ բիզնես միջավայրը Հայաստանում, անկայունությունը կվերանա՞», - հարցրեց Մարուքյանը:
Ի պատասխան Կարապետյանն ընդգծեց.
«Բայց դրա քննարկումը եղե՞լ է, որ ասեմ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատասխանել եմ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա»: