22/03/2018 16:14
Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով», - ասված է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել էր աշխատանքից Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հորդորով։
Թե որն էր ազատման պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»: