22/03/2018 11:18
Ջրամբարների ներկայիս պաշարները կարող են ռիսկեր առաջացնել ոռոգման տեսանկյունից. վարչապետ
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Վարչապետը նշեց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում՝ Ջրային տնեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները և 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները։
Քննարկվել են նաև, ըստ մարզերի ոռոգման պայմանները և առաջնահերթությունները։
«Հաշվի առնելով, որ ջրամբարների ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից հանձնարարում եմ` ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7-օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ներկայացնել Ֆինանսների նախարարություն՝ շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պահանջարկի ապահովումը», - ասաց վարչապետը:
Ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին վարչապետը հանձնարարեց նախատեսված փաթեթը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16-ը։
«Գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին 3-ամսյա ժամկետում հանձնարարում եմ ամփոփել ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Ինչպես նաև, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն, այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում», - նշեց Կարեն Կարապետյանը: