22/03/2018 17:54
Մալդիվների նախագահը հանել է արտակարգ դրության ռեժիմը
Մալդիվների նախագահ Աբդուլլահ Յամինը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը չի երկարացնի, որը 45 օր առաջ մտցվել էր քաղաքական ճգնաժամի պատճառով, նշված է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահ Աբդուլլահ Յամինն այսօր Մալդիվների Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքի համաձայն հանել է արտակարգ դրության ռեժիմը: Արտակարգ դրության հայտարարումը պայմանավորված էր սահմանադրական ճգնաժամով, որը ստեղծել էին գերագույն դատարանի 2 դատավոր, որոնք դավադրության մեջ էին մտել… օրինական կառավարությունը ապօրինի տապալելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ:
Մալդիվներում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել էր փետրվարի սկզբին, երբ երկրի գերագույն դատարանը որոշել էր չեղյալ համարել մի շարք քաղաքական առաջնորդների դատավճիռը, ներառյալ նախկին նախագահ Մոհամմեդ Նաշիդի, նաև վերականգնել էր խորհրդարանում 12 ընդդիմադիրների անդամությունը: