22/03/2018 12:52
Գևորգ Կոստանյանը կառավարությանը մեղադրեց «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինելու համար
Կառավարությունը խորհրդարանին առաջարկել է փոփոխություններ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնց նպատակն է օտարերկրացիներին հատուկ կարգավիճակ տրամադրելու լիազորությունը ՀՀ նախագահի փոխարեն վերապահել ՀՀ վարչապետին։ Օրինագիծն այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը տեղեկացրեց, որ կառավարությունն առաջարկում է վերացնել հատուկ կարգավիճակի տրամադրումը մերժելու որոշումը բողոքարկելու արգելքը։
Օրինագիծը քննարկման ներկայացվել է երկրորդ ընթերցման ռեժիմում և մինչ այդ պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել։ Փոխարենը նոր առաջարկություն է ներկայացրել կառավարությունը, որի համաձայն եթե մերժվում է հատուկ կարգավիճակ տալու մասին որոշումը, ապա հնարավորություն ընձեռվի այն բողոքարկել՝ «հնարավոր հակասություններից խուսափելու նպատակով»։
Կոստանյանը հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը նույնացրեց մուտքի արտոնագիր տրամադրելու որոշման հետ և փոխոստիկանապետից հետաքրքրվեց. «Եթե դուք գնում եք մի որևէ երկիր, ձեզ մուտքի արտոնագիր չի տրամադրում այդ դեսպանատունը, դուք այդ որոշումը բողոքարկո՞ւմ եք»։ Կոստանյանի խոսքով, կեցության հատուկ կարավիճակ տրամադրելը պետության և ոչ թե քաղաքացու իրավունք է, ու պետությունն ազատ է, թույլ տակ կամ չտալ։ «Ինչու ենք քաղաքացուն իրավունք տալիս պաշտպանել իր գոյություն չունեցող իրավունքը», -նկատեց Կոստանյանը։
Հանձնաժողովի անդամ Հանրապետական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, որը նաև նախագծի հարակից զեկուցող է նշանակված, հստակեցրեց, որ կատարվող փոփոխությունը վերաբերում է ազգությամբ հայ օտարերկրացիներին, հետևաբար այս կարգավորումն անհրաժեշտ է։ «Բողոքարկելու հնարավորություն տալով մեր հայրենակիցներին, ինձ թվում է ճիշտ կանենք», -ասաց Հարությունյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ եթե պետությունը սահմանել է իրավունքը, անձը արդեն այն ունի, և այդ իրավունքի բաղկացուցիչ մաս է դրա հիմքում ընկած փաստերի վիճարկումը։ «Եթե այս վիճարկման հնարավորությունը չտանք, ապա մենք լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու միջազգային ատյաններում», -նկատեց Զեյնալյանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքելով առաջարկվող փոփոխությանը, նշեց, որ պետության ինքնիշխանության խնդիր է առաջանում ու հավելեց. «Եթե ամեն մի հատուկ կեցության կարգավիճակ հայցող տանի իր մերժումը բողոքարկի, ապա պետությունը պետք է ընկնի դատավարությունների մեջ։ Այստեղ պետության ինքնիշխանության խնդիր կա»։
Գևորգ Կոստանյանն իր ելույթում ևս համաձայնեց, որ պետության ինքնիշխանության դրսևորման բացառիկ դաշտն է՝ որոշել ում ինչ իրավունքով թույլ տալ ապրել երկրում։ «Այս իրավունքը տրված է պետությանը, որպեսզի երկիրը կարողանա սահմանափակել պետության տարածքում մնալու հնարավորությունը։ Պատկերացրեք՝ մեկը դիմել է վիզա ստանալու համար, տվել են վիզա 3 ամսով, լրանում է այդ ժամկետը ու դիմում է այդ երկրին՝ խնդրելով երկարացնել ժամկետը։ Մերժում են ու ինքը սկսում է բողոքարկել ու այստեղ խնդիր է առաջանում՝ էդ բողոքարկման ընթացքում նա իրավունք ունի՞ մնալ երկրում։ Պատկերացրեք Սիրիայի բնակչության 99 տոկոսը դիմում է Գերմանիային կամ Ֆրանսիային՝ պահանջելով հատուկ կարգավիճակ։ Ո՞նց է թույլ տալու։ Իմիջիայլոց, եթե հատուկ կարգավիճակ տրամադրելու դեպքում աշխարհում փախստականի կարգավիճակ չէր լինի, որովհետև ո՞ւմ է պետք փախստականի կարգավիճակը, կդիմեին ու կստանային հատուկ կարգավիճակ», -լրացրեց Գևորգ Կոստանյանը։
Այսքան ընդդիմանալով օրինագծին, այդուհանդերձ Կոստանյանը կողմ քեվարկեց, և հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Գևորգ Պետրոսյանի դիտարկմանը, թե «դեմ ըլլալով կողմ քվեարկեցինք», Կոստանյանը առաջարկեց. «Այո, պարոն Պետրոսյան, դեմ լինելով կողմ քվեարկեցի, որովհետև կոնցեպտուալ առումով ես չէի անի նման բան, երբեք։ Բայց եթե մեր կառավարությունը Հռոմի պապից կաթոլիկ է, դա շատ լավ է»։
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը փորձեց ներկայացնել վիճակագրություն, բայց նիստը վարող Կոստանյանը կանխեց նրան. «Թեման ավարտվեց, հաջողություն ձեզ»։