22/03/2018 11:34
Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի որոշ դրույթներ կարող են արդեն ուժի մեջ մտնել. Շավարշ Քոչարյան
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի, ԵՄ-ի և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու վերաբերյալ որոշմանը:
«Այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստանի և ԵՄ միջև երկկողմ հարաբերությունները», - որոշման նախագծի զեկուցման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծեց` համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև 2017թ. նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն` ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ «այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այն պահից հետո, երբ վերջին պետությունը կծանուցի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են»:
«Ներկայումս ներպետական գործընթացներն ավարտել ու ծանուցել է դեռևս միայն Էստոնիան: Միևնույն ժամանակ մենք ստացել ենք ԵՄ-ից ծանուցում առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար կարող են մտնել ուժի մեջ: Այսինքն՝ համաձայնագրի որոշակի հատված կարող է կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը», - ասաց Շավարշ Քոչարյանը: