03/04/2018 15:39
«Բուրգեր Քինգում», նախնական վարկածով, պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը. Նշանակվել է փորձաքննություն
«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին գիշերը, նախնական վարկածով, պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նաև, ըստ աղբյուրի, պարզվել է, թե որտեղից է այն ձեռք բերվել և երբ։
«Ի թիվս այլ փորձաքննությունների նշանակվել է նաև պայթյունատեխնիկական փորձաքննություն՝ պարզելու արդյոք այն եղել է գործարանային արտադրության, թե ոչ, պահպանվե՞լ են շահագործման անվտանգության կանոնները, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ում կողմից», - հավելեց Սոնա Տռուզյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային Բյուրոյին»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Բուրգեր Քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վնասվածք ստացած 8-ամյա Ռուբինային երեկ երեկոյան վիրահատել էին և նրա վիճակը գնահատվում է ծանր։
Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օերնսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը»։