04/04/2018 12:34
Սպասում էի, որ 7,5% տնտեսական աճի պայմաններում գործազրկության մակարդակը կնվազի, սակայն այն մնացել է անփոփոխ՝ 16,8 %. Վահագն Խաչատրյան
Որքան երկիրը ժողովրդավար է, այնքան մեծ են նրա տնտեսական հաջողությունները, «Հայաստանի տնտեսությունը վերջին տասը տարիներին» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Երբ նայում ենք Հայաստանի խնդիրներին, տեսնում ենք, որ այսօրվա խնդիրները թաղված են ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական դաշտում», - նշեց Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անցնող տասը տարիները դժվար տարիներ են եղել Հայաստանի համար, և ընդգծեց, որ չպետք է մոռանալ, որ 2008 թվականն ամբողջ աշխարհում աննախադեպ ֆինանսական ճգնաժամի տարի է եղել։
Վերլուծելով 10 տարիների խնդիրները, մարտահարվերները՝ տնտեսագետն ասաց, որ ամենամեծ խնդիրներից մեկը՝ գործազրկությունը, խրոնիկ հիվանդություն է դարձել։
«2008 թվականից հետո մենք 16-19 %-ի սահմաններում ենք։ Սպասում էի, որ 7,5 տոկոս տնտեսական աճի պայմաններում գործազրկության մակարդակը կնվազի, սակայն վերջին տվյալներով այն մնացել է անփոփոխ՝ 16,8 %: Ստացվում է, որ յուրաքանչյուր հինգերորդն աշխատանք չունի, իսկ երիտասարդության շրջանում գործազրկությունը 40% է», - նկատեց Վահագն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է պետական պարտքին, տնտեսագետն ասաց, որ եթե մինչ այս որպես փրկության բարձիկ էր դիտարկվում այն, հիմա արդեն այդպես չէ։
«2008 թվականին պարտքը 1 մլրդ 900 մլն դոլար էր, այժմ կազմում է 6 մլրդ 800 մլն դոլար, այն աճել է 3.8 անգամ։ Շատերն ասում են, թե ճգնաժամից դուրս գալու լավագույն միջոցը մեծ ներդրումներ ապահովելն է այնպիսի բնագավառում, ինչպիսին, օրինակ, շինարարությունն է։ Բայց ամեն երկրում չի, որ դա հաջողություն է ունենում է», - ասաց Վահագն Խաչատրյանը՝ որպես օրինակ նշելով Հյուսիս-հարավ ավտոճանապարհը։
Տնտեսագետի խոսքով՝ եթե վերցնում են էժան փողեր ու դրանք արդյունավետ չեն ծախսվում, դա տնտեսության զարգացմանը չի նպաստում, ուրեմն արդյունքն էլ արդյունավետ լինել չի կարող։