10/04/2018 17:21
ՌԴ ԱԴԾ-ն Սարատովի առևտրի կենտրոնում ահաբեկչություն է կանխել
Մարտին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչական ակտ է կանխել Սարատով քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին:
Հաղորդվում է, որ ուժայինները ոչնչացրել են ահաբեկչության կազմակերպիչներին ձերբակալության փորձի ժամանակ: «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման անդամների մոտ զենք ու պայթուցիկ նյութ է հայտնաբերվել, որի հոզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 3 կգ է եղել:
Դրանից բացի, հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է ՌԴ նախագահի ընտրությունների օրը երկու ահաբեկչություն կանխել ընտրատեղամասերում: Հարձակումներից մեկը պլանավորվում էր Ինգուշեթիայում, մյուսը՝ Բաշկիրիայում:
Բորտնիկովի խոսքով, ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում ուժայինները 6 ահաբեկչական ակտ են կանխել ու 12 ավազակախումբ ոչնչացրել:
Հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են 189 և ոչնչացրել 15 «ավազակի ու նրանց աջակիցներին»: