10/04/2018 11:25
Պաշտոնական Երևանը հույս ունի, որ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում Բրյուսելը կպահպանի միասնական դիրքորոշում ԼՂ հարցի շուրջ
Այսօր խորհրդարանում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ նմանատիպ փաստաթուղթ կնքվում է նաև Ադրբեջանի հետ ու հարցի հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց. «Արդյոք տեղեկացվա՞ծ եք՝ Լեռնային Ղարաբաղի մասին նույն հռետորաբանությո՞ւնն է պահպանվում»։
Ի պատասխան ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ համաձայնագրի բովանդակության շուրջ քննարկումներն ընթանում են փակ ընթացակարգով:
«Բովանդակության մասին չի իրազեկվում երրորդ կողմը՝ հաշվի առնելով այն, որ դա կարող է վտանգել կողմերի հանրային և պետական շահերը։ Այդ պրակտիկան տեղի էր ունենում նաև Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում։ Բայց մենք տեղյակ ենք, որ ԵՄ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում քննարկվում է նաև հակամարտությունների կարգավորման խնդիրը, այնպես ինչպես այն առկա է Հայաստան-ԵՄ փաստաթղթում», - նշեց Կ.Նազարյանը:
«Մենք տարբեր առիթներով ԵՄ մեր գործընկերներին նշել ենք սկզբունքային և առավել կարևոր՝ միասնական հայտարարված դիրքորոշումը պահպանելու անհրաժեշտության մասին։ Դա շատ կարևոր է ոչ միայն մեր տեսանկյունից, այլ հակամարտության կարգավորման գործընթացը լավագույնս ապահովելու առումով։ Ունենք հավաստիացումներ, որ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարված մոտեցումը։ Հուսանք, որ դրա ականատեսը կլինենք շուտով», - հայտարարեց Նազարյանը։
Նշենք, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության վրա: