14/04/2018 12:09
Սիրիայի ռմբակոծությունը կսրի ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, որից կտուժի նաև Հայաստանը. Ստեփան Գրիգորյան
Սիրիայի ուղղությամբ 50 րոպե տևած հրթիռակոծությունը ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ-ՌԴ հարաբերություններն ավելի են փչանալու, Aysor.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ թեև այս փուլում ԱՄՆ-ն Ասադի օբյեկտներն է ռմբակոծում և ՌԴ-ի հետ անմիջական բախում չկա, բայց այս ամենի հետևանքով ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները սրվելու են:
«ՌԴ իշխանությունն այնպիսին է, որ ոչ մի հարցում չի գնում զիջումների և ի վերջո հասնելու է նրան, որ ԱՄՆ-ՌԴ միջև բախումներ լինեն», - ասաց նա՝ հավելելով. «Որքան ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները փչանան, այնքան Հայաստանի համար դժվար կլինի մանևրել»:
Ըստ քաղաքագետի, եթե ՌԴ դեմ ուղղված սանկցիաները նախկինում սահմանափակ թվով էին, ապա հիմա ԱՄՆ-ն կընդլայնի այդ ցանկը, ինչն անմիջական ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա:
«Ցանկն ավելանում է, ու այդ ցանկի մեջ կան կազմակերպություններ, որոնք ակտիվ գործում են Հայաստանում, օրինակ, «Գազպրոմը», «ՎՏԲ» բանկը և այլն: Պարզ է, որ եթե այդ մոնոպոլիաների գործերը վատանում են, նաև մեր վիճակն է վատանում», - ասաց Գրիգորյանը:
Խոսելով այս իրավիճակում ՀՀ դիրքորոշման մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ այն պետք է չեզոք լինի, քանի որ նման հարցերում ՀՀ միջամտությունը վնասում է Հայաստանին: Գրիգորյանը հիշեցրեց ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված քվեարկությունը, որին Հայստանը չեզոք չմնաց:
«Այդ ի՞նչ հարց էր, որ մերոնք միջամտեցին, ռուսական կողմը բռնեցին ու քվեարկեցին Եվրոպայի և առաջին հերթին ԱՄՆ դեմ: Հենց նրա պատճառով, որ մենք ԱՄՆ դեմ քվեարկեցինք, մենք դեռևս չենք հայտնվել այն երկրների ցանկում, որոնց այս տարվա ընթացքում ԱՄՆ -ն պետք է ֆինանսական աջակցություն տա: Սա առաջին տարին է, որ մենք դեռևս այդ պետությունների ցանկը չենք ընկել: Դա ուղղակի հետևանքն է այդպիսի անհեթեթ քվեարկության», - նշեց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ Սիրիայի հարցի շուրջ այսօր շատ խճճված պատկեր կա, և Հայաստանը պետք է մաքսիմալ չեզոք մնա նման հարցերում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի երեք կետի: Հրթիռակոծությունը տևել է 50 րոպե: ԱՄՆ-ին միացել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։