16/04/2018 19:48
«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով. Փաշինյան
«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է բլոկադայի ենթարկենք Ազգային ժողովին մոտեցող բոլոր մուտքերը»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաղրամյան պողոտան փակված է իրենց ու ոստիկանների կողմից։
«Ես ուզում եմ, որ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու, մեկը Բաղրամյան պողոտան է, մյուսը՝ Դեմիրճյան-Պռոշյան, Սարյան փողոցը, Հալաբյան փողոցիցի մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր»,-ասաց նա։
«Իմ քայլը» շարժման առաջնորդն ասաց, որ վաղը պետք է հայտարարել համահայաստանյան դասադուլ ու գործադուլ։
«Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուս գա փողոց, բոլորն՝ առանց բացառության»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա մարզերի բնակիչներին հորդորեց փակել միջպետական բոլոր ճանապարհհները, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, մեքենաներով գան, հասնեն Երևան։
«Ես կարծում եմ, որ փողոցների շրջափակումը պետք է սկսել այսօրվանից, գիշերը պետք է այդ պրոցեսը շարունակվի ու առավոտյան ալիքաձև զարգանա»,-նշեց Ն. Փաշինյանը։