16/04/2018 14:50
Թուրքիան մտադիր է Սիրիայի հարցով գործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Ռուսաստանի ու Իրանի հետ
Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունից, եթե դա օգուտ է բերում Սիրիայի իրադրության կարգավորմանը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, փոխանցում է РИА Новости-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել է, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԵծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները պառակտել են Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ավելի վաղ հավանություն է տվել այդ հարվածներին, մինչդեռ Ռուսաստանը խստիվ դատապարտել է դրանք:
«Մեր քաղաքականությունը արդար գործի է ծառայում: Ելնելով դրանից՝ մենք ընտրում ենք այն երկրներին, որոնց հետ մտադիր ենք գործել միասին: Մենք կլինենք նրանց հետ, ովքեր ճշմարտության կողմն են: Եթե դա ծառայի Սիրիայի նկատմամբ մեր քաղաքականության շահերին, մենք կգործենք ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի հետ», - ասել է Բոզդաղը NTV հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը:
Նա հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն ինքնուրույն է և տարբերվում է այն քաղաքականությունից, որն այնտեղ իրականացնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Իրանը:
Թուրքիան՝ Ռուսաստանի և Իրանի հետ միասին, Սիրիայում զինադադարի երաշխավորն է և մասնակցում է այդ երկրի իրադրության կարգավորման այն բանակցություններին, որոնք ընթանում են Աստանայում: