19/04/2018 22:40
Մի քանի տասնյակ մարդ որոշել է երկրում անկայունություն մտցնել. չի կարող տիրել ամենաթողության մթնոլորտը. Սերժ Սարգսյան
Հասարակություններում դժգոհություններ միշտ էլ առկա են, «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասաց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր վարչապետ ընտրվելու դեմ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաներին։
«Մեր նման երկրներում, բնականաբար, այդ դժգոհությունները ավելի սուր են, որովհետև, ցավոք, կենսամակարդակը մարդկանց հնարավորություն չի տալիս բավարարելու իրենց ցանկությունները։ Խնդիրը դժգոհությունների ու բողոքների մեջ չէ։ Նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունն իրենց դժգոհությունն արտահայտելու։ Դա և իշխանությունն է օգուտ, և իրենց», - ասաց վարչապետը։
Խնդիրն, ըստ Սերժ Սարգսյանի, այլ հարթության մեջ է, թե որքանով է այդ դժգոհությունները արտահայտվում օրենիքն համապատասխան։
«Երբ ամեն ինչը համապատասխանում է օրենքին, մենք բացարձակ խնդիր չունենք։ Կա սահման, որ չպետք է անցեն, սա է խնդիրը։ Եվ իրավապահ մարմինները, և իշխանությունը, և մնացած քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոոքի ակցիաներին, ինչ-որ կերպ նեղվում, բայց համակերպվում են այդ մտքի հետ։ Երբ մի քանի հարյուր կամ մի քանի հազար հոգի անցնում են շեմը և սկսում են խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում. հարց է առաջանում, թե ինչո՞ւ ծնողները պետք է մտահոգվեն իրենց երեխաներին դպրոց ուղարկելիս», - ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մի քանի տասնյակ մարդ որոշել է երկրում անկայունություն մտցնել։
Նա վստահ է, որ հայ ժողովուրդն իմաստուն է, և այսպիսի իրավիճակներում միշտ ճիշտ որոշում է կայացնում։
«Այդ իմաստնությանն ենք մենք ապավինում։ Չի կարող երկրում տիրել ամենաթողության մթնոլորտը», - ասաց վարչապետը։