19/04/2018 18:24
Դավիթ Հարությունյանը չի կարծում, թե «Իմ քայլը» շարժման ցույցերը խաղաղ են
Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, խնդիրը Արդարադատության նախարարության գնահատման ոլորտում չէ, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ արձագանք չկա վերջին օրերին Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Շատ հաճախ մենք հարց տալուց կատարում ենք ընդհանրացումներ ու անձնական կարծիքը ներկայացնում ենք ժողովրդի կարծիք», - ասաց Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով մյուս հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց «փշալարերից այն կողմ, երբ ժողովուրդը մերժեց նրան»:
«Մեր հանրության մի հատվածի կարծիքը ներկայացվում է որպես ողջ հանրության կարծիք, ինչը, կարծում եմ, որ լավագույն եղանակ չէ: Արդյոք կային անձինք, ովքեր դեմ էին, որ Սերժ Սարգսյանն ընտրվի վարչապետ, իհարկե, որևէ կասկած չկա դրանում և, ի դեպ, ցանկացած ընտրություններ ցույց են տալիս, որ երկրում չկա համասեռություն, Հայաստանում, գոնե ինձ ծանոթ չեն ընտրություններ, երբ մեկը ստանա 70 կամ 80 տոկոս ձայն», - ասաց նա:
Դ. Հարությունյանը չի կիսում այն կարծիքը, թե տեղի ունեցող ցույցերը անվանվում են խաղաղ, առանց զենքի ցույցեր են:
«Ես կարծում եմ՝ այդ հանրահավաքը որոշ դեպքերում անցնում է խաղաղ լինելու սահմանագիծը», - ասաց նա: