20/04/2018 19:19
Խաղաղ բողոքի իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ ու խոչընդոտել որևէ մեկի գործունեությանը. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը կոչ է արել Երևանի ցույցերի մասնակիցներին գնալ կառուցողական երկխոսության:
«Ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, մարդիկ իրացնում են սեփական կարծիքն ազատ, խաղաղ բողոքի միջոցով արտահայտելու իրենց իրավունքը: Այս իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից և ես ի գիտություն եմ ընդունում ուժի անհամաչափ կիրառման դեպքերի մասին հաղորդումները: Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ խաղաղ բողոքի իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ ու խոչընդոտել որևէ մեկի գործունեությանը», - նշել է նա` կոչ անելով բոլոր կողմերին համապատասխան զսպվածություն ցուցաբերել, որպեսզի բոլոր հայերի կարողանան խաղաղ իրենց կարծիքն արտահայտել:
Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
«Կոչ եմ անում հնարավորինս շուտ վերադառնալ կառուցողական երկխոսության: Այս կոնտեքստում ԶԼՄ ազատությունն առաջնային նշանակություն ունի և լրագրողներին պետք է պաշտպանել բռնության ցանկացած ձևից», - նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը: