20/04/2018 20:14
ՀՀ պետական մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդներում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու։
Ըստ աղբյուրի, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի և ցանցերի աշխատանքին անօրինական միջամտությունն անհապաղ խափանվել է՝ հիշյալ վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը») հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ նշված վնասաբեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: