21/04/2018 17:19
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հանձնարարական է տվել Քննչական կոմիտեին (Տեսանյութ)
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արուս Հակոբյանի մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցչի հաղորդումը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անմիջապես այդ հրապարակումները և հաղորդումն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով;
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևան-Արտաշատ մայրուղու վրա քաղաքացիական հագուստով անձը բռնություն է կիրառել «Ազատություն» ռ/կ լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ հարվածելով դեմքին և տեսախցիկին։
Նախնական, չճշտված տվյալներով լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձը Արտաշատի Ջրօգտագործողների տնօրեն Արթուր Ղազարյանն է եղել։