21/04/2018 12:42
Երկրում ստեղծված է խիստ լարված մթնոլորտ. միջոցներ ձեռնարկել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ. ՄԻՊ
Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին: Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը:
Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաև հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում Ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր:
Ստեղծված իրավիճակում անընդունելի են նաև պետության կարևորագույն գործառույթներ իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների շրջափակումները:
Զգալիորեն աճել են ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների խախտումներին: Պետք է ապահովել նաև երեխաների խիստ պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից:
Այսպիսի իրավիճակը հղի է մարդու իրավունքների լուրջ խախտումների սպառնալիքով, ինչպես նաև այդ խախտումները կանխարգելելու խոչընդոտների վտանգով:
Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մթնոլորտը լարող և բռնության դեպքերի վտանգ ստեղծող գործողություններից:
Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը»,-ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։