23/04/2018 16:03
Ապրիլի 24-ին ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ. նախագահականում համատեղ կոչով են հանդես եկել
Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով։
«Վաղը համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքներում ոգեկոչելու է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ը սուրբ և համընդհանուր է բոլոր հայերի, աշխարհի քաղաքակիրթ մարդկության համար:
Այդ օրը ոչ մի հայ չի կարող դուրս գալ մյուսի դեմ:
Հարյուր տարուց ավելի այս օրը եղել է միասնության օր, հիշատակի և սգի օր, ընդդեմ Թուրքիայի կողմից իրագործված անարդարության և այսօր ցեղասպանությունը ժխտողների դեմ բողոքի օր:
Հարգենք մեր նախնիների հիշատակը և հոգանք մեր ազգի ապագան արժանապատվորեն ու պատվով:
Պահենք և պահպանենք աշխարհի աջակցությունը և համերաշխությունը մեր հանդեպ Ապրիլի 24-ին, երբ մեզ հետ միասին հարգում են զոհերի հիշատակը և հիշում նրանց, ովքեր օգնել են վերապրողներին:
Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության և փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»,-ասված է համատեղ կոչում։