26/04/2018 16:53
Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել Վրաստանի կառավարող կուսակցությունը
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը: Այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտնել է կուսակցության ղեկավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Անձամբ ես և կուսակցության ողջ ղեկավարությունը նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին խնդրել ենք գլխավորել «Վրացական երազանքը», և նա համաձայնել է», - ասել է Կվիրիկաշվիլին, որը կուսակցությունը գլխավորում էր մինչև այդ պահը:
Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը: Ավելի վաղ միլիարդատերը քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ քաղաքականություն: Մինչդեռ վրացական ընդդիմությունը նրան մշտապես մեղադրում է երկրի «ստվերային» կառավարման մեջ: