07/05/2018 11:06
Մարտական դիրքում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան հանգամանքները, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել է մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով (ծնոտի շրջանում հրազենային վնասվածքը մուտքային է, իսկ գագաթային հատվածում` ելքային):
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»։
Ըստ աղբյուրի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: