11/05/2018 18:14
«Սասնա ծռեր» խմբի անդամներն ազատ չեն արձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվող Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ժամանակ, որն այսօր առաջին անգամ վարում էր դատավոր Արշակ Վարդանյանը, դատավորի որոշմամբ, մերժվեցին խմբի անդամների խափանման միջոցները փոխելու և նրանց ազատ արձակելու մասին միջնորդությունները։
Նշենք, որ այս գործով անցնում են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը, Տիգրան Մանուկյանը,Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Գագիկ Եղիազարյանը, Թորոս Թորոսյանը, Գևորգ Իրիցյանը, Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը, Արամ Մանուկյանը և Մարտիրոս Հակոբյանը։
Նկատենք՝ գործը քննում էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն այն մակագրվել էր Արշակ Վարդանյանին։
Երբ դատավորը ներկայացնում էր այս գործով մեղադրյալների փաստաբանների միջնորդությունները մերժելու մասին որոշումը, դատարանի դահլիճում ներկաները բացականչում էին՝ ամո՜թ-ամո՜թ։ Այս վանկարկումներից հետո նրանք լքեցին դատարանի դահլիճը։ Նիստը բոյկոտեցին նաև ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները, բացի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանից։
Մյուս նիստը կկայանա մայիսի 18-ին։