Երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի բանակցություններին. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)
22/05/2018 11:57

Երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի բանակցություններին. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)

Արցախի` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում բանակցային մաս դառնալու մասին նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են խոսել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ:
 
«Այնպես որ դա ակնհայտ էր, նույնիսկ համանախագահների համար», - ասաց Քոչարյանը:
 
Փոխարտգործնախարարի խոսքով` եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա:
 
«Ես զարմանում եմ այս աժեոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանին դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է հենց Արցախին, ապա առանց իր մասնակցության առաջընթաց անհնարին է», - հավելեց Քոչարյանը:
 
Փոխնախարարը ընդգծեց, որ եթե այժմ Արցախը չի մասնակցում բանակցություններին, ապա դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ:
 
«Մյուս կողմից համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն և այն պահից, երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի: Այլ ձևակերպմամբ` Արցախի մասնակցել-չմասնակցելը լակմուսային թղթի պես ցույց է տալիս՝ արդյոք Ադրբեջանը իրոք ձգտում է առաջընթացի բանակցային գործընթացում, թե օգտագործում է ամբողջ գործընթացը՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար», - հայտարարեց Քոչարյանը:

Երբ հնարավորություն լինի առաջընթաց գրանցել, այդ պահից Արցախը կմասնակցի բանակցություններին. Շավարշ Քոչարյան (Տեսանյութ)