24/05/2018 18:00
Թեհրանը Եվրոպային 7 պայման է ներկայացրել միջուկային գործարքը պահպանելու համար
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին եվրոպացի առաջնորդներին յոթ պահանջ է ներկայացրել, որոնք իրականացնելու դեպքում Թեհրանը պատրաստ է մնալ միջուկային համաձայնագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առաջնորդի պաշտոնական կայքը:
«Անցած երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն մի քանի անգամ խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, մինչ եվրոպացիները լռություն էին պահպանում: Այդ երեք եվրոպական երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան) պետք է ապացուցեն, որ նրանք իրենց անազնիվ և անհուսալի չեն պահելու», - ասված է նրա հաղորդագրությունում:
Գերագույն առաջնորդի խոսքով՝ Եվրոպան պետք է բանաձև մշակի՝ դատապարտելով ԱՄՆ-ի գործողությունները, պետք է երաշխավորի, որ նա չի բարձրացնելու հրթիռային ծրագրի մասին հարցը և չի միջամտի երկրի տարածաշրջանային քաղաքականությանը:
Նա նաև պահանջել է ապահովել իրանական նավթի վաճառքը: Բացի այդ, նրա խոսքով, եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն Իրանի հետ բիզնես գործարքների անցկացումը:
«Եթե ԱՄՆ-ին հաջողվի խանգարել մեր նավթի վաճառքին, մենք պետք է հնարավորություն ունենանք ցանկացողներին վաճառելու վառելիքի ծավալը: Եվրոպացիները պետք է երաշխիքների ձևով փոխհատուցեն դա և իրանական նավթ գնեն», - նշել է նա:
Խամենեին նաև հայտարարել է, որ Եվրոպան պետք է «հակազդի» Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հետ կապված ԱՄՆ-ի փորձերին: