24/05/2018 17:36
«Սասնա ծռերից» Խաչատուր Գիչյանն ազատ չի արձակվի. Միջնորդությունը մերժվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ընթացող ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստում խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։
Գիչյանի փաստաբան, հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանը դատարանին միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց, որ Խաչատուր Գիչյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող երկար մնալ կալանքի տակ։ Ֆարմանյանի միջնորդությանը միացան նաև մյուս ամբաստանյալներն ու փաստաբանները։
«Հասարակությունը դրան է սպասում, հարգելի դատարան», - որոշման հրապարակումից առաջ հայտարարել էր փաստաբաններից Տիգրան Հայրապետյանը։
«Այ, եթե կասեք իրավական դաշտում իրավական առումով բան է փոխվել, կասենք՝ այո, փոխվել է, կարո՞ղ է մենք ասենք՝ չէ, չի փոխվել։ Եղնուկյանի մասով կար իրավական փոփոխություն, ներկայացվել էր փորձագետի եզրակացությունը, դրա համար իրավիճակ փոխվեց։ Հիմա Խաչատուր Գիչյանի մասով միջնորդություն է բերվում դատարան, բայց ոչինչ չի փոխվել», - հայտարարել էր դատախազը՝ նշելով, որ առարկում է ներկայացված միջնորդությանը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են «Սասնա ծռեր»-ի 11 անդամները՝ Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գևորգյանը, Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը։