25/05/2018 11:40
Եթե գանք համաձայնության, աշնանը կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի շուրջ մեր մոտեցումները մենք բազմիցս ներկայացրել ենք, դրանք նորություն չեն, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Երբ կլինի դրանով զբաղվող խմբի և մեր հանդիպումը, կքննարկենք հարցը: Առաջնային հարցը, որ թիրախավորում ենք, ռեյտինգային համակարգի հանումն է: Ընտրողների ցուցակի հետ կապված խնդիրներ կան, նաև ընտրողների նույնականացման համակարգի ներդրման անհրաժեշտություն կա», - նշեց Մարուքյանը։
Խոսելով արտահերթ ընտրությունները աշնանն անցկացնելու մասին՝ Մարուքյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման համար լայն կոսոնլիդացիա է պետք, որից հետո կարելի է խոսել արտահերթ ընտրությունների մասին։
«Պետք է հասնենք համաձայնության, որով մեխանիզմ կունենանք՝ գործող խորհրդարանը ցրելու։ Եթե գանք համաձայնության, աշնանը կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել», - նշեց նա։
Նա նաև ընդգծեց, որ իրենք ակնկալում են «Քրեական օրենսգրքի» փոփոխություններ և որոշ պատիժների խստացում։
Մարուքյանը նաև անհրաժեշտ է համարում «Կուսակցությունների մասին օրենքի» վերանայումը, ինչը ավելի թափանցիկ կդարձի կուսակցություննեի ֆինանսավորման հարցը.
«Պետք է պարզ լինի, թե որտեղից են սնվում կուսակցությունները։ Դրանց ֆինանսավորումը չպիտի ստվերային լինի և միայն իշխանական կուսակցությունները չպետք է ֆինանսավորվեն»: