25/05/2018 13:30
Ծանոթ չեմ ԳՇ պետի նշանակման վերաբերյալ անհանգիստ լինելու հիմքերին. Էդմոն Մարուքյան
Նման հարցերը չպետք է հրապարակային ներկայացվեին, լրագրողնեի հետ ճեպազրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Գլխավոր Շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված Արցախի նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի քննադատությանը:
«Պարոն Աղաբեկյանը գիտի այն խողովակները, որով կարող էր անձամբ դիմել վարչապետին, հանդիպեր նրան, զրուցեր հետը և հայտներ իր մտահոգությունների մասին», - ասաց Մարուքյանը։
Նա չբացառեց, որ Դավթյանի նշանակման հարցը կարող էր բարձրաձայնված և քննարկված լինել զինվորական շրջանակում մինչև նրա՝ ԳՇ պետ նշանակվելը, հետևաբար Աղաբեկյանը, ըստ նրա, կարող էր այս ժամանակ դիմել վարչապետին։
«Ծանոթ չեմ նրա նշանակվելու վերաբերյալ անհանգստության հիմքերին», - ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Աղաբեկյանը նշել էր, որ մտահոգիչ է համարում, երբ ամենապատասխանատու պաշտոնում նշանակվում է ամենաանպատրաստ գեներալը։