28/05/2018 13:21
Թրամփ. Հյուսիսային Կորեան «փայլուն պոտենցիալ» ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «փայլուն պոտենցիալ» ունի: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է РИА Новости-ն:
Սպիտակ տան տերը հաստատել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունները Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ ամերիկյան պատվիրակության բանակցությունների մասին:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան փայլուն պոտենցիալ ունի և մի գեղեցիկ օր տնտեսական ու ֆինանսական մեծ երկիր կդառնա: Կիմ Չեն Ընն այս հարցում ինձ հետ համաձայն է: Դա տեղի կունենա», - նշել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը ապամիջուկայնացված գոտում Փհանմունջոմ բանակցային կետում հանդիպում է անցկացնում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ:
The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարել է Պետքարտուղարության Հյուսիսային Կորեայի հարցով հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը: Սպիտակ տան թիմի մեջ էին մտել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի Հյուսիսային և Հարավային Կորեաների հարցերով անդամ Էլիսոն Հուքերը և պաշտպանության նախարարի Արևելյան Ասիայի հարցերով օգնական Ռենդալ Շրայվերը: