29/05/2018 15:39
Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից (Տեսանյութ)
Պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցությունից դուրս գալու մասին:
«Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր», - Facebook-ի էջում գրել է Շ.Թորոսյանը:
Այսօր ՀՀԿ խմբակցության նիստի ավարտին Շիրակ Թորոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացառում է պատգամավորական մանդատը վայր դնելու հնարավորությունը:
«Մանդատս վայր դնելը բացառվում է, որովհետև դա հազարավոր ընտրողների համար է ու ծառայում է նրանց», - ասաց նա: Դիտարկմանը, թե նա ՀՀԿ համամասնական ցուցակով էր խորհրդարանում և նաև՝ ՀՀԿ-ի շնորհիվ, Թորոսյանը պատասխանեց. «Ես խորհրդարանում էի հազարավոր ընտրողների շնորհիվ։ Հենց այնպես ոչինչ չի լինում»։
«Որևէ նեղացկոտություն չկա», - ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի կարող մի կուսակցության փոխնախագահը, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, լինի մեկ այլ խմբակցության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս է եկել նաև պատգամավոր, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: